«Վայ մեր Մարիամն էլ է էդտեղ աշխատում». Փաշինյանը՝ մարալիկցի ուսանող տղային
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում շարունակել է զանգահարել ՀՀ քաղաքացիներին, նա պատահական բջջային հեռախոսահամարի զանգեց, պարզվեց, որ զանգել է Մարալիկի 16-ամյա բնակչուհու:
Աղջիկն ասաց, որ հեռահար դասերը նորմալ անցկացնում են. «Հայրս արտագնա աշխատանքի է Մոսկվայում: Հիմա դեռ չեն աշխատում, բայց մի շաբաթից կսկսեն աշխատել: Պապիկս 41 հազար դրամ թոշակ է ստանում, նաեւ հարիկիս եկամտով յոլա ենք գնում: Եթե հայրիկս էստեղ է, տանը 4 հոգի ենք, եղբայրս էլ Երեւանում սովորում է»,-ասաց աղջիկը:
Փաշինյանը հետաքրրքրվեց, թե աղջկա հայրը երբ է վերջին անգամ գումար ուղարկել, նա էլ պատասխանեց, որ այս տարի դեռ չի ուղարկել:
«40 հազար դրամով ե՞ք 4 հոգով հիմա ապրում»,- հարցրեց Փաշինյանը: «Հայրիկի բերած փողից դեռ կա, կարողանում ենք գոյատեւել, բայց հայրիկը շուտ-շուտ ուղարկում է, ամեն ինչ նորմալ է»,-ասաց մարալիկցի աղջիկը:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղջկա եղբոր հետ, ով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է եւ զուգահեռ աշխատում է «Դիջիթեյն» ընկերությունում:
«Վայ, մեր Մարիամն էլ է այնտեղ աշխատում»,- հարցրեց Փաշինյանը: Երիտասարդն էլ պատասխանեց, որ գիտի, միասին նույն շենքում են աշխատում:
Տղան ասաց, որ մոտ 150 հազար դրամ է ստանում:
Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններին, տղան ասաց, որ որոշ մարդիկ դեռ չեն հարմարվում սահմանափակումներին, բայց դա անհրաժեշտություն է. «Ես երեկ դուրս եմ եկել խանութ, ստուգել են: Քաղաքում էլ քիչ մարդ կա, պահում են կանոնները»:
Նշենք, որ վարչապետը երեկ նույնպես պատահական հեռախոսահամարներով զանգել է քաղաքացիներին: Նա նշել է, որ դա օգնում է խնդիրներն ավելի լավ հասկանալ, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում: