ՀԲՖ․ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լոնդոնում դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Թիմի մյուս անդամները բժիշկների անմիջական հսկողության տակ են:
Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած վարկանիշային մրցաշարը 3 օր անց դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մասնակից երկրների թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը վերադարձան հայրենիք:
Ավելի ուշ Թուրքիայի և Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիաները հայտարարեցին Լոնդոնից վերադարձած իրենց թիմերում կորոնավիրուսով վարակված 6 դեպքերի մասին:
«Կորոնավիրուս հայտնաբերվել է Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում: Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասված է ՀԲՖ մամուլի ծառայության պատասխանում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոնի մրցաշարին մեկնել էր 10 բռնցքամարտիկով: 52 կգ քաշային Կարյուն Սողոմոնյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր: