Սինգապուրում սոցիալական հեռավորությունը խախտելու համար կարելի է հայտնվել բանտում. Reuters
Սինգապուրում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը խախտելու համար կարելի է հայտնվել բանտում, հաղորդում է Reuters-ը:
Կորոնավիրուսի դեմ երկամսյա պայքարի ընթացքում քաղաք-պետության մոտեցումը և մանրակրկիտ վերահսկողությունն արժանացել է միջազգային գովասանքի եւ թույլ տվել երկրին զգալիորեն խուսափել սահմանափակումներից առօրյա կյանքում: Սակայն նոր քայլերը խուճապ են առաջացրել բազմաթիվ բնակիչների մոտ:
«Ավելի հեշտ է ինքնամեկուսանալ, քան հիշել այդ քանակությամբ նոր կանոնները»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Մյուսները հարցրել են, թե վերաբերելու են արդյոք այդ կանոնները հասարակական տրանսպորտին ծանրաբեռնված ժամերին: «Ես չե՞մ կարող նստել իմ որդու կամ տիկնոջ կողքին: Իմ տղան կկալանավորվի՞. նա 7 տարեկան է»,-գրել է մեկ ուրիշ օգտատեր Դամիան Չին:
Սինգապուրի՝ ինֆեկցիոն հիվանդությունների մասին գործող օրենքում լրացումները, որոնք ուժի մեջ են մտել ուրբաթ, ուղեկցվել են միջոցառումներով, ինչպիսի են ակումբների փակումը և աշխատավայրից ու դպրոցներից դուրս մինչև 10 հոգով հավաքների սահմանափակումը:
Ցանկացած մարդ, որը միտումնավոր կնստի մեկ ուրիշից 1 մետրից պակաս հեռավորության վրա հասարակական տրանսպորտում կամ կկանգնի հերթում մինչեւ 1 մետր հեռավորության վրա, կմեղադրվի հանցանքի մեջ: Կանոնները, որոնք գործում են մինչեւ ապրիլի 30-ը, կարող են կիրառվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ իրավախախտները կարող են տուգանվել մինչեւ 7000 դոլարի չափով, ազատազրկվել մինչեւ 6 ամիս ժամկետով կամ պատժվել այլ ձեւով:
Իշխանությունները հայտարարել են, որ կարող են պահանջվել ավելի վճռական գործողություններ, եթե տեղաբնակները չընկալեն սոցիալական հեռավորությունն ամենայն լրջությամբ:
Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 683-ի: