Կորոնավիրուսը, կարծես, անում է այն, ինչ 1 տարի շարունակ «անհնարին» էր թվում։
Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
<<Իսրայելում շուրջ 1 տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամը հնարավոր չեղավ հանգուցալուծել տեղի ունեցած 3 անարդյունք արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Հասարակության ընդգծված երկփեղկվածության պատճառով մրցակից ճամբարներին չէր հաջողվում պարզ մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Ազգային միասնության կառավարության ձևավորումն էլ անհնարին էր հիմնական քաղաքական առաջնորդների միջանձնային թշնամանքի հետևանքով։ Եվ ստեղծված ներքաղաքական իրողությունների արդյունքում, երկիրը, թվում է, գնում էր հերթական խորհրդարանական ընտրություններին։
Մինչդեռ մարտի 26-ը, կարծես, դառնալու է Իսրայելի քաղաքական պատմության օրացույցի ամենադրամատիկ ամսաթվերից մեկը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ընտրություններում հաղթած «Լիքուդ» կուսակցության և ընդդիմադիր «Քահոլ Լավան» դաշինքի միջև․ պայմանավորվածությունների պատճառով դաշինքը փլուզվել է։ Չնայած դեռևս վերջնականորեն ճշգրտված չէ, բայց վարչապետի պաշտոնն առաջիկա 1,5 տարվա ընթացքում կարող է զբաղեցնել Բենյամին Նեթանյահուն, որից հետո նույնքան ժամկետով՝ ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, ով մարտի 26-ին ընտրվել է խորհրդարանի՝ Քնեսեթի ղեկավար։
Հարկ է նշել, որ նման հանգուցալուծմանն էականորեն նպաստել է կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված ճգնաժամը, որի արդյունավետ կառավարման համար օրակարգային է լիարժեք գործող կառավարության առկայությունը։ Իսկ դրա միակ տարբերակը ներկա իրողությունների պայմաններում նման կոալիցիան էր։
Զարգացումների անձնային հարթությունում էլ առավել կայուն թիմ և սկզբունքներ ունեցող Նեթանյահուն հերթական անգամ կարողանում է փառահեղ հաղթանակ արձանագրել։ Իսկ Գանցը, գուցե նաև հանուն պետության ու ժողովրդի զոհաբերելով դաշնակիցներից ու գաղափարակիցներից շատերին, իր սկզբունքներն ու նախկին դիրքորոշումը, որոնց անմիջական արդյունքն էր նրա քաղաքական վերելքը, ըստ էության, վերածվում է «քաղաքական դիակի»։
Մյուս կողմից, քաղաքականություն է, ո՞վ գիտե՝ դեռ ինչեր են սպասվում, գուցե նույն կորոնավիրուսն այլ անակնկալներ ևս մատուցի․․․>>