Քաղաքական գործիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է կանխատեսում Արցախում
Եթե կեղծիքներ չլինեն, ապա Արցախի նախագահական ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ ակնհայտ ֆավորիտ չկա: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Երկրորդ փուլ, ամենայն հավանականությամբ, կանցնեն Վիտալի Բալասանյանը եւ Արայիկ Հարությունյանը: Անձամբ ես կողմ եմ, որպեսզի Բալասանյանը դառնա նախագահ»,- հավելեց նա: Ըստ նրա` ապագա իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրը միասնական թիմի ձեւավորումն է, որը կարող է բանակցային գործընթացի հայեցակարգ ձեւավորել` հաշվի առնելով տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք շատ տարբեր են այն, ասենք, 3 տարի առաջ տեղի ունեցողից:
«Թուրքիայի դիրքերի ուժեղացումը նկատելի է անզեն աչքով, ինչը ինքնաբերաբար թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդում է նշանակում»,- նշեց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: