Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 500 միլիոն եվրո օգնություն կտրամադրի ակումբներին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ իսպանական ակումբներին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառած վնասները մասամբ կփոխհատուցի նաև ֆեդերացիան:
«Մենք այս հարցը քննարկել ենք ֆինանսական կազմակերպությունների հետ: Եթե Լա Լիգայի ղեկավարությանն այս տարբերակը կհետաքրքրի, մենք պատրաստ ենք քննարկել:
Աշխատում ենք 500 միլիոն եվրո վարկ ձևակերպել, որը որպես օգնություն կտրամադրենք իսպանական ակումբներին»,- Ռուբիալեսի խոսքը փոխանցում է Marca-ն:
Կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնություններում հանդես եկող թիմերը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել: Ակումբները ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար մտադիր են կիսով չափ կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: