Մի կողմ թողնել «սև ցուցակները» և ֆինանսավորել գյուղացու աշխատանքը, ոչ թե նրա վարկային պատմությունը. Բագրատյան
Այսօր Հայաստանում առկա 360 հազար գյուղացիական տնտեսություններից կեսից ավելին վարկային խնդիրներ ունեն եւ այսօր կառավարության կողմից առաջարկվող վարկային ծրագրից օգտվելու հնարավորություն անգամ չունեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, գյուղացիների շուրջ կեսը հնարավորություն չունի իր հողը մշակելու, քանի որ դրա համար չունեն պարարտանյութ, սերմացու, չունեն միջոցներ. «Այս պայմաններում մենք առաջարկում ենք մոռանալ, մի կողմ թողնել սեւ ցուցակները: մենք պետք է կարողանանք ֆինանսավորել գյուղատնտեսության ռեալ սեկտորը: Պետք է ֆինանսավորել գյուղացու աշխատանքը, ոչ թե այն պատմությունը, որ առաջացել է: Տարիներ շարունակ բարձր տոկոսներով վարկերը սնանկացրել են գյուղացիներին: Արդիական է ջրի խնդիրը, մարդիկ ահազանգում են, որ ապրիլի 15-ից նոր պետք է ջուր տան, որովհետեւ դեռ խորհրդային տարիներից այդպիսի որոշում է ընդունվել: Մարդիկ այսօր ծառատունկով են զբաղվում, այսօր պետք է ջուրը տալ»,-ասաց Բագրատյանը: