Կարապետ Չալյան․ Օլիմպիադան դեռ կլինի, և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը ֆեյսբուքյան գրառում է արել:
«Աշխարհում կորոնավիրուսից արդեն 19000 մարդ է մահացել, միայն այսօր՝ 2000, Հայաստանում արտակարգ դրություն է, այսօր արդեն խստացված ռեժիմով, սակայն ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման, էլ չեմ ասում տնտեսական հետևանքների դարդ ու ցավի քննարկումը, նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով։
Որքան փոքրոգի կարող է լինել մարդը, որքան ոչ իր տեղում։ Օլիմպիադան դեռ կլինի, և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը։ Աստված պահապան մեր ազգին»,- գրել է Կարապետ Չալյանը, որը մարզչական խորհրդի որոշմամբ պետք է պատրաստվի Տոկիոյի Խաղերին։
ՄՕԿ-ի եւ Ճապոնիայի որոշմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Խաղերը կանցկացվեն 2021-ին։
Նույն քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար պայքարող ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ապօրինի են համարել մարզչական խորհրդի որոշումը: