«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում. հայտարարություն
Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ եւ հայտնել, որ ստացել են Հայփոստից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որեւէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միեւնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը եւ ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որեւէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով եւ ԶԼՄ-ներով։