Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ Օլիմպիադայի հետաձգումը հնարավոր է
Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հետաձգումը հնարավոր է, եթե հնարավոր չլինի մրցությունն անցկացնել սովորական ձևաչափով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը համապատասխանում է Օլիմպիադան ամբողջական ձևաչափով անցկացնելու կուրսին, ինչի մասին ես ասում էի: Եթե հնարավոր չլինի դա իրականացնել, ապա անհրաժեշտ կլինի հետաձգման մասին որոշում ընդունել՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք առաջին հերթին պետք է մտածենք մարզիկների մասին»,- ասել է նա:
Աբեն նաև ընդգծել է, որ Օլիմպիադայի անցկացման վերաբերյալ որոշումը կայացնում է ՄՕԿ-ն, և այս պահին օրակարգում չկա Խաղերը չեղյալ հայտարարելու հարց:
ՄՕԿ-ն ավելի վաղ տարածել էր կազմակերպության ղեկավար Թոմաս Բախի նամակը, որում նշվում էր, որ Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հնարավորության վերաբերյալ որոշումն ընդունվելու է 4 շաբաթվա ընթացքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Բախը նաև նշել էր, որ Խաղերը չեղյալ հայտարարելը ոչ մի խնդիր չի լուծի, ուստի հիմա օրակարգի մեջ չէ: Մինչ այդ ՄՕԿ-ն ու Ճապոնիայի իշխանությունները գրավում էին հետևողական դիրքորոշում՝ հայտարարելով, որ Խաղերը կայանալու են նախանշված ժամկետում: Օլիմպիադան անցկացվելու է հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: