Այս պայմաններում Արցախում ընտրությունների անցկացումը «ստվեր կնետի» դրանց արդյունքների վրա. փորձագետ
Արցախում անհրաժեշտ է սահմանել արտակարգ դրություն եւ հետաձգել ընտրությունները, նախ, անվտանգության նկատառումներով, ինչպես նաեւ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Այդ մասին մարտի 20-ից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերն Արցախում կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար:
«Արցախում ընտրությունները մշտապես անցկացվել են հավուր պատշաճի եւ արժանացել բարձր գնահատանքի, այդ թվում՝ միջազգային դիտորդների կողմից, ինչը չափազանց կարեւոր է չճանաչված հանրապետության համար, իսկ այս պայմաններում դժվար կլինի ապահովել նրանց ներկայությունը: Այլ հարց է, եթե ընտրություններն անցնեին ճանաչված հանրապետությունում, ապա այդպիսի սուր անհրաժեշտություն չէր լինի»,-նշել է նա:
Քաղաքագետը կասկած է հայտնել, որ այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը զբաղված է վարակի տարածման հետ կապված խնդիրներով, կհաջողվի ապահովել բարձր մասնակցություն ընտրությունների ժամանակ, իսկ դա միջազգային դիտորդների բացակայության հետ մեկտեղ «ստվեր կնետի» արդյունքների վրա:
Նա ընդգծել է, որ ընտրությունների հետաձգումը չպետք է պայմանավորված լինի ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի հնարավոր տեղաբաշխման փոփոխությամբ, երբ քարոզարշավը վերսկսվի, այդ պատճառով թեկնածուները պետք է կամք դրսեւորեն եւ այս նախաձեռնությամբ ներկայանան:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը սահմանել է արտակարգ դրության ռեժիմ մինչեւ ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Նշենք, որ մարտի 20-ի, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 136 դեպք, որոնցից 1-ը բուժվել է:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: