Թե ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն ունեն լրջագույն փոփոխությունների կարիք. Նիկոլ Փաշինյան
Ակնհայտ է, որ եւ ոստիկանությունում, եւ ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայց ակնհայտ է, որ երկու համակարգերն էլ ունեն լրջագույն փոփոխությունների կարիք: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Արման Սարգսյանին ընդունելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որեւէ մեկը չպետք է հույս ունենա, թե մենք ուղղակի առկա իրավիճակի հետ ժամանակի ընթացքում կհամակերպվենք: Այս երկու ծառայությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրում իրավակարգի եւ անվտանգությանպահպանության գործում, պետք է համապատասխանեցնենք մեր երկրի անվտանգության իրավակարգի եւ հանրության շահերի բոլոր ժամանակակից պահանջներին»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ այսօր ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջեւ առկա է համագործակցության շատ բարձր մակարդակ, ինչը կարեւոր է. «Կարեւոր է, որ ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջեւ անառողջ մրցակցություն չլինի եւ կարեւոր է, որ նրանք փոխլրացնող գործառույթ իրականացնեն: Ես համոզվել եմ, որ ձեր ղեկավարության ներքո դուք անձամբ շատ դեպքերում չունեք պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, որ համակարգերում եղած պրոբլեմները պետք է թաքցնել, քողարկել, հովանավորել երբեմն նույնիսկ նեգատիվ երեւույթները՝ ընդհանուր համակարգի իմիջը չխաթարելու համար: Բարեփոխումների այս շրջանում նման գործելակերպը չի կարող արդյունավետ լինել»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այս կառուցների իմիջը պետք է բարձր լինի ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ բնական ճանապարհով»: