Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա. Կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 19-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995 թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995 թ.) եւ «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Նինա Պ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով:
Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Opel Astra» եւ «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները: