Հնդկաստանը պարետային ժամ է սահմանում՝ առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ մարտի 22-ից երկրում կսահմանվի պարետային ժամ՝ առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը, հաղորդում է NDTV-ն:
Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ մթերքների պաշար չկուտակել: Նա վստահեցրել է, որ առաջին անհրաժեշտության մթերքների, դեղամիջոցների պակաս երկրում չկա:
«Այդ պարետային ժամին համապատասխան՝ ոչ ոք չպետք է դուրս գա տնի: Կարող են դուրս գալ միայն նրանք, ովքեր կապ ունեն հիմնական ծառայությունների հետ: Երեկոյան ժամը 5-ին մենք դուրս կգանք պատշգամբ, կմոտենանք պատուհաններին 5 րոպեով, որպեսզի ողջունենք բոլորին եւ կծափահարենք»,- ասել է Մոդին:
Նա ենթադրել է, որ այդ փորձը մարդկանց կօգնի հարմարվել ինքնամեկուսացմանը:
«Կորոնավիրուսը սպառնալիքի տակ է դրել մարդկությունը: Դա ավելին է, քան համաշխարհային պատերազմը: Դրա դեմ դեղամիջոց չկա, այդ պատճառով մենք պետք է առողջ մնանք: Մենք պետք է խուսափենք ամբոխից եւ մնանք տանը: Եթե դուք կարծում եք, որ կարող եք զբոսնել եւ ռիսկի չդիմել, սխալվում եք: Այդպիսով դուք վտանգում եք եւ՛ ձեզ, եւ՛ ձեր ընտանիքին»,- հավելել է Հնդկաստանի վարչապետը:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 173-ի, մահացել է 4 մարդ:
Մոդին հայտնել է նաեւ նոր սահմանափակումների մասին, մասնավորապես, կիրակի օրվանից մեկ շաբաթով կչեղարկվեն միջազգային չվերթները: Կառավարությունը նաեւ կոչ է արել տնից աշխատել, եւ նրանց, ովքեր 10 տարեկանից ցածր են եւ 65 տարեկանից բարձր, խորհուրդ է տվել տանը մնալ: Փակ են երկրի ամբողջ տարածքում դպրոցները, քոլեջները, թատրոնները, առեւտրի կենտրոնները: Կրոնական հավաքների ու հարսանեկան արարողությունների անցկացումը եւս արգելվել է: