Սպառնալիքով արգելել է համագյուղացուն մասնակցել Արշալույսի գյուղապետի դեմ ուղղված հավաքին. խոսքը Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մասին է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այդ ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն պատկանող խանութի մոտ բռնության գործադրման սպառնալիքով, համագյուղացուն արգելել է մասնակցել համայնքի ղեկավարի հրաժարականին հասնելու պահանջով իրականացվող օրինական հավաքներին, որի հետեւանքով խաթարվել է համագյուղացու՝ օրինական հավաքներին մասնակցելու իրավունքը, եւ նա զրկվել է այդ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացումից:
Բավարար ապացույցների համակցությամբ Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նշենք, որ խոսքը Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի մասին է: