«Բարսելոնան» հատուկ ծրագիր է մշակել Նեյմարին վերադարձնելու համար
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ վերադարձնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» կփորձի համոզել Նեյմարին խզել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, իսկ սահմանված բոլոր ֆինանսական տուգանքները Նեյմարի փոխարեն կվճարի կատալոնական ակումբը:
Նշվում է, որ 28-ամյա հարձակվողը չի թաքցնում «Բարսելոնա» վերադառնալու ցանկությունը և հրաժարվել է բանակցություններ սկսել ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը ՊՍԺ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: