Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշել ենք, որ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել:
Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլեւ ակնկալվող տնտեսական դժվարությունները: Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ թե առողջապահական համակարգի, թե օրենսդրության, թե քաղաքացիական համերաշխության, թե ազգային միասնության, թե տնտեսական առումով պետք է խնդիր դնենք, որ ՀՀ-ն, բոլորս պետք է այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ավելի պինդ ամուր դիրքերից հանդես գանք»,-ընդգծեց նա:
Վարչապետը հավելեց, որ երբ այս իրավիճակը միասին հաղթահարենք, Կառավարությունը տնտեսական դժվարություններ ունեցած ընկերություններին աջակցելու խնդրին կանդրադառնա:
«Մենք այդ իրավիճակը կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու: ՈՒնեմ պատկերացումներ, թե տնտեսական դժվարություններն ինչպես պետք է հաղթահարենք, եւ կհաղթահարենք, կասկած չունենաք»,-ասաց Փաշինյանը: