Հայրս աշխատել է ոչ թե ԵՊՀ-ում, այլ ՀՊՄՀ-ում. Գեւորգ Պապոյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հայրը աշխատել է ոչ թե ԵՊՀ-ում, այլ ՀՊՄՀ-ում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ես նույնպես միանում եմ Երկիր կայք-թերթին եւ պնդում եմ, որ այո, իմ հայրը երբեւէ չի աշխատել ԵՊՀ-ում։ Այնպես որ կարիք չկար ԵՊՀ նամակ ուղարկել, ստանալ պատասխան, որ իմ հայրը ԵՊՀ-ում չի աշխատել, ավելին, մի հատ էլ հերոսական բացահայտում անել ու ինձ մեղադրել խաբեության մեջ։ Կրկնում եմ նորից, որ այո, հայրս երբեք չի աշխատել ԵՊՀ-ում։
Դե իսկ վերնագրի մնացած հատվածը, նյութի բովանդակությունը եւ ինձանից մեկնաբանություն չխնդրելը, այն դեպքում, երբ նյութը իմ մասին է, ցույց է տալիս լրագրողի իրական նպատակն ու մոտիվացիան։
Անգամ, եթե մի տեղ շփոթմամբ ՀՊՄՀ-ի տեղը ԵՊՀ ասեի, կարծում եմ տարրական լրագրողական էթիկան պետք է հուշեր, որ նախեւառաջ ինձանից ճշտեին եղելությունը։ Բայց կրկնում եմ, որեւէ տեղ նման բան բեմ ասել։
Իսկ երբ զանգում ես խմբագրություն, որպեսզի հերքես, պատասխանում են, որ առավելագույնը կարող են ներքեւում ավելացնել, որ հերքել եք, այն էլ մեկ ժամից, երբ խմբագրին հարմար կլինի ու ոչ մի խոսք վիրավորական ոճի բառապաշարի ու հոդվածի մասին։ Այս որակի լրագրության պայմաններում էլ ապրում ենք։
ՀԳ։ Հայրս աշխատել է մի քանի դպրոցներում եւ ՀՊՄՀ-ում»։
Նշենք, որ ավելի վաղ yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի անունով՝ խնդրելով տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե Գեւորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ե՞րբ է աշխատել ԵՊՀ-ում, հեռացրե՞լ են, արդյոք, նրան ԵՊՀ-ից՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու համար, ե՞րբ եւ ի՞նչ առիթով է դա տեղի ունեցել: ԵՊՀ-ից պատասխանել են, որ Գեւորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ԵՊՀ-ում երբեւէ չի աշխատել: