Փոխվարչապետն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության բաժնից։
Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեեւը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները եւ սկզբունքները:
Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առեւտրի զարգացման կարեւորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:
Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:
Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առեւտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին եւ հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ: