Բրազիլացի սենատորներին կորոնավիրուսի պատճառով արգելել են արտասահման մեկնել
Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Դաշնային սենատի անդամները չեն կարողանա արտասահման ծառայողական գործուղումների մեկնել՝ կորոնավիրուսի տարածման մտավախության պատճառով: Արգելքի մասին կարգադրությունը ստորագրել է հարավամերիկյան երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ, սենատոր Դավի Ալկոլումբրեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքական գործչի Twitter-յան էջում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ բացի սենատորների արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումներից, այն խորհրդարանականները եւ աշխատակիցները, որոնք վերջերս այցելել են կորոնավիրուսի փոխանցման հաստատված դեպքերով երկրներ, «պետք է այդ մասին հայտնեն օրենսդիր մարմնի բժշկական ծառայությանը»: Իսկ նրանց, ում մոտ կհայտնաբերվի շնչառական հիվանդությունների ցանկացած ախտանիշ կամ ջերմությունը կբարձրանա, «աշխատանքից հարկադրաբար շուրջ 14 օրով կազատեն»: Նույն բախտին կարժանանան նրանք, ովքեր շփվել են նրանց հետ, ում մոտ նկատվել են այդպիսի ախտանիշներ կամ հաստատվել է ախտորոշումը:
Այս կարգադրությամբ երկուշաբթիից սահմանափակումներ են մտցվում Սենատ մուտքի վրա, որտեղ կարող են հայտնվել միայն «խորհրդարանի անդամները եւ աշխատակիցները, լրագրողները, պետական մարմինների ծառայողները, համազգային մակարդակի ինստիտուտների ներկայացուցիչները, ինչպես նաեւ սպասարկող ֆիրմաների աշխատակիցները»: Ընդ որում՝ դրա համար նրանք պետք է ունենան հաստատող հավատարմագրում եւ առաջին փոխնախագահի աշխատակազմի թույլտվությունը: Ընդ որում՝ չեղյալ են հայտարարվելու բոլոր միջոցառումները՝ բացի «օերնսդրական գործունեության եւ հանձնաժողովների նիստերի հետ անմիջական կապ ունեցողներից»:
Ակնկալվում է, որ համանման սահմանափակումներ պետք է մտցնել նաեւ բրազիլական խորհրդարանի ստորին պալատում, ինչի մասին չորեքշաբթի հայտնել էր պալատի նախագահ Ռոդրիգու Մայան: