Բերդ-Պառավաքար ճանապարհին «Մերսեդեսը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. 28-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Պառավաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղեւորներն արգելափակվել են ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Ազատ Գ.-ին (ծնված 1992 թ.), ով հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: