«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի վտանգի պատճառով
Անգլիական Պրեմյեր լիգան որոշել է հետաձգել 28-րդ տուրից տեղափոխված «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար մարտի 11-ին Մանչեսթերում։
Պատճառը «Արսենալի» ֆուտբոլիստների եւ աշխատակիցների շփումն է հունական «Օլիմպիակոսի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսի հետ, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը։
«Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ 14 օր կմնան կարանտինում, քանի որ 13 օր առաջ շփում են ունեցել Մարինակիսի հետ։ «Արսենալն» ու «Օլիմպիակոսը» հանդիպել էին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ Անգլիական ակումբը պատասխան խաղում 1։2 հաշվով պարտվել էր եւ դուրս մնացել պայքարից։
Փետրվարի 27-ին Լոնդոնում տեղի ունեցած խաղի ավարտից հետո Մարինակիսը մոտեցել է «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների եւ զրուցել նրանց հետ։ «Արսենալը» կարանտինի է ուղարկել նաեւ չորս աշխատակիցների, որոնք նստած են եղել Մարինակիսի հետ նույն շարքում։
«Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո ունի 57 միավոր եւ երկրորդ տեղում է։ «Արսենալը» 40 միավորով 9-րդն է։