Իտալիայի իշխանությունները սահմանափակել են ամբողջ երկրում տեղաշարժը
Իտալիայում հանուն SARS-CoV-2 վիրուսի դեմ պայքարի մարտի 10-ից արգելվել են ցանկացած հավաքույթները, հայտարարել է երկրի վարչապետ Կոնտեն: Դպրոցներն ու բուհերը փակ կլինեն մինչեւ ապրիլ: Չեղյալ են հայտարարվել սպորտային միջոցառումները՝ բացառությամբ միջազգայինների, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Իտալիայի իշխանությունները ընդլայնում են տեղաշարժման սահմանափակումները, որոնք հարուցել է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը: Մարտի 10-ից դրանք գործելու են ամբողջ երկրում, մարտի 9-ին հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Ի թիվս այլոց, արգելված են ցանկացած հավաքույթները, հայտնել է վարչապետը: Նա բոլոր բնակիչներին կոչ է արել «մնալ տանը» եւ դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ անհետաձգելի գործերով:
Դրանից բացի, դպրոցները եւ համալսարանները կշարունակեն փակ մնալ մինչեւ ապրիլի 3-ը, հավելել է Կոնտեն: Սակայն հասարակական տրանսպորտը աշխատանքը կշարունակի, նշել է նա:
Մի քանի օր ավելի վաղ կարանտին էր սահմանվել Իտալիայի հյուսիսային նահանգներում: Մուտքն ու ելքը հնարավոր էին միայն «լուրջ եւ անհետաձգելի պատճառներով»: Այս միջոցառումներն առնչվել են երկրի բնակչության ավելի քան քառորդ մասին:
Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 9-ին ճյուղային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստի ժամանակ կարգադրել է մինչեւ ապրիլի 3-ը երկրի մակարդակով սպորտային միջոցառումներ չանցկացնել: Սակայն որոշումը չի վերաբերում միջազգային մրցումներին, նշված է կոմիտեի հայտարարության մեջ:
Իտալիան Եվրոպայում COVID-19 թոքային հիվանդությամբ առաջատարն է: Վարակում է հայտնաբերվել 9172 մարդու մետ, 463-ը մահացել է, 724-ն արդեն առողջացել: