Հանրաքվեին առնչվող ընտրական իրավախախտումների մասին 12 հաղորդումներից 7-ով ստուգողական գործողություններ են իրականացվում
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել եւ ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020 թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020 թ. փետրվարի 10-ից մինչեւ մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նշված ժամանակահատվածում 2020 թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերեւույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 հաղորդում:
Դրանցից 5-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 3-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Նշվածներից 3-ը եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նույն անձի կողմից ներկայացված դիմումներ, որոնց կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:Մյուս 9 դեպքերը պարունակել են վերացական եւ ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից եւ դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել:
Մասնավորապես՝ դրանցից 2-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը եւ թողնվել անհետեւանք, իսկ մնացած 7-ով իրականացվում են ստուգողական գործողություններ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված առերեւույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերն ուսումնասիրելուն եւ դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաեւ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները:
Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն հընթացս: