Ղազախստանում ֆեմինիստներն անցկացրել են քայլերթ սգո ծաղկեպսակով
Ֆեմինիստական շարժման շուրջ 50 ակտիվիստ քայլերթ է կազմակերպել Ալմաթիում: Մասնակիցները պահանջել են փոփոխություններ մտցնել երկրի օրենքներում, որոնք թույլ կտան քրեական պատասխանատվության ենթարկել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության համար, հաղորդում է Sputnik-Ղազախստանը:
Ֆեմինիստների քայլերթը մեկնարկել է մարտի 8-ի առավոտյան Ամաթիի Արբատում եւ շարունակվել Պանֆիլովի փողոցով:
Ակտիվիստները քայլել են պաստառներով՝ վանկարկելով կարգախոսեր՝ «Իմ մարմինն իմ գործն է», «Այսօր՝ ծաղիկներ, վաղը՝ ծեծված երիկամներ», «Հանուն կանանց ազատության» եւ այլն:
Շարասյան դիմաց մասնակիցները կախել են սգո ծաղկեպսակ, որը հետագայում այրել են օպերայի եւ բալետի թատրոնի շենքի հարեւանությամբ:
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը նշել է, որ քայլերթի նպատակը սեռական ոտնձգությունների մասին օրենքի ընդունումն է, ինչպես նաեւ ընտանեկան բռնության եւ դրա համար բռնարար տղամարդկանց խիստ պատժի մասին հոդվածների ավելացումը Քրեական օրենսգրքում:
Քայլերթն ավարտելուց հետո սգո պսակն այրվել էր փողոցում ցույցի մասնակիցների եւ պատահական անցորդների աչքի առաջ: Չի բացառվում, որ իրավապահ մարմինները կազմակերպիչների նկատմամբ վարչական բնույթի միջոցներ կձեռնարկեն: Սակայն դեռեւս Ալմաթիի ոստիկանությունում իրավիճակը չեն մեկնաբանում: