«Գանձասարը» տուգանվել է, տնօրենը որակազրկվել է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նիստում որոշում է ընդունվել մինչև 2021թ. մարտի 5-ը որակազրկել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, իսկ ակումբին տուգանել 1 միլիոն ՀՀ դրամով:
Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Փյունիկի» դեմ խաղի առաջին խաղակեսի ավարտից հետո Գառնիկ Աղաբաբյանը հայհոյանքներ էր հնչեցրել խաղի գլխավոր մրցավարի հասցեին:
««Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի (VIP օթյակում գտնվելու ժամանակ հանդիպման մրցավարներին հայհոյելու, խաղի ընդմիջման ընթացքում մրցավարի հասցեին հայհոյելու (երկրորդ դեպք, Գառնիկ Աղաբաբյանը որակազրկված է մինչև 01․04․20՝ համաձայն ԿԷԿ 19-20-17 նիստի որոշման), սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցնելու, հանդիպման մրցավարին հրելու և հրմշտոց սարքելու փորձեր կատարելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին որակազրկել մինչև 05.03.2021թ., «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 1000000 ՀՀ դրամ»,- ասված է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի արձանագրությունում:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» հաղթանակ էր տարել «Գանձասար-Կապանի» նկատմամբ 2:0 հաշվով: Առաջին խաղակեսում մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել Կապանը ներկայացնող թիմի գանացի պաշտպան Անան Մենսահին: