Կառավարությունում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է եղել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:
Նշվել է, որ առաջարկների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Պատասխանատուներն ընդգծել են, որ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները: