Այսօր գիշեր ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում «Վստրեչի Ապեր»-ի և նրա հարազատներին պատկանող տների վրա
Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին («Վստրեչի Ապեր») եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։
Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14.00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս»: