Հայաստանում ցանկացած դեպքում կշարունակեն ՁԻԱՀ-ի բուժման ծառայություններ մատուցել․ առողջապահության նախարար
Հայաստանում կշարունակեն ՁԻԱՀ-ի բուժման ծառայություններ մատուցել՝ անկախ այն բանից, թե քանի բժիշկներ են ազատման դիմում ներկայացրել։ Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով՝ ՄԻԱՎ-ը, լինելով վիրուսային հիվանդություն, մի ժամանակ հատուկ մոտեցման կարիք ուներ, որի անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում վերացավ։
«Ամբողջ աշխարհը գնաց առողջապահության ընդհանուր համակարգին, մասնավորապես, վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ բուժման համակարգին ինտեգրվելու ճանապարհով»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց նաեւ, որ իր կողմից ղեկավարվող նախարարությունը պատրաստ է մի շարք հարցերի քննարկման, եթե նրա հետ չխոսեն վերջնագրերի լեզվով։
Ընդ որում, նախարարը նկատեց, որ միավորումից հետո նոր կառույցը կստանա անուն, որը կարտացոլի բոլոր այն գործառույթները, որը նա պետք է իրականացնի։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին «ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն եւ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն միավորելու որոշում էր ընդունել, ինչը բացասական հասարակական արձագանք էր ստացել։ Ընդ որում, փետրվարի 26-ին առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել էին կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի իրավասությունները՝ իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Բերբերյանը։ Այս որոշումը կենտրոնի աշխատակիցների ազատման կոլեկտիվ դիմումի առիթ էր հանդիսացել։