2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված 2019-ին պարզեցվել են ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձման ընթացակարգերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:
Նրա խոսքով, դրանով հնարավորություն է տրվել վերադարձնել այսպես կոչված հին դեբետները. «Սա հնարավորություն տվեց, որ հարկ վճարողները տարիներով կուտակված հիմնավոր դեբետային գումարները հետ ստանալ: Հաջորդ փոփոխությամբ 2017-ի երկրորդ կիսամյակի նախորդող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող մինչեւ 5 մլն դրամ ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվեց միասնական հաշիվ՝ ավտոմատ եղանակով, այսինքն առանց դիմումի եւ ուսումնասիրության: Այս եղանակով հարկ վճարողներին հետ է վերադարձվել շուրջ 1,5 մլրդ դրամ: իսկ ընդհանուր առմամբ հին դեբետների մասով հարկ վճարողներին հետե է վերադարձվել շուրջ 42,8 մլրդ դրամ:
Հաջորդ փոփոխությունն այն է, որ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ ԱԱՀ հաշվանցման ենթակա գումարների եւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետո ԱԱՀ փոխհատուցվող գումարների համար սահմանվեց պարզեցված ընթացակարգ:
Այս ընթացակարգը կիրառվում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով»:
Թելման Ասատրյանը նկատեց, որ այս փոփոխությամբ ավելացվել է նաեւ ԱԱՀ վերադարձվող գումարների սահմանային չափը՝ 20 մլն դրամը դարձել է 40 մլն դրամ: ԱԱՀ վերադարձվող գումարների ժամկետը եւս փոխվել է, կիսամյակի փոխարեն, այդ վերադարձը կատարվում է եռամսյակներով:
«Ընդհանուր առմամբ ԱԱՀ-ի, ակցիզային հարկերի վերադարձը 2018-ին կազմել է 90,1 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի»,-ասաց նա: