Սարգիս Ադամյան․ Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար արդեն ավարտված է։ Այդ մասին նա ասել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում։ Սարգիս Ադամյանը վիրահատվել էր փետրվարի 25-ին։
«Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ:
Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին` այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար»,- ասել է Սարգիս Ադամյանը:
Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։