Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլար են կորցրել
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը երկուշաբթի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկություններում ինդեքսների զգալի կրճատման պատճառով կրճատվել է գրեթե 139 մլրդ դոլարով: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, այս վարկանիշի մեջ մտնող անձանց համար սա խոշորագույն կորուստ է այն պահից սկսած, ինչ գործակալությունը 2016 թվականի հոկտեմբերին սկսել է այսպիսի հետազոտություններ կատարել: Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն եւ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը զրկվել են 4,8-ական մլրդ դոլարից, ավելի շատ, քան ցուցակում մտած որեւէ այլ բիզնեսմեն: Բեզոսը նախկինի պես համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդ տեղն է գրավում: Իսպանական Zara առեւտրի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգիի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ 3,48 մլրդ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից Լարրի Փեյջի կարողությունը՝ 2,7 մլրդ դոլարով:
Ըստ գործակալության գնահատման՝ վերջին օրվա ընթացքում ռուսաստանցի միլիարդատերերից ամենից շատ կորցրել է «Լուկօյլի» նախագահ Վահիթ Ալեքպերովը: Նրա կարողությունը կրճատվել է 1,21 մլրդ դոլարով: Երկրորդ տեղում է «Նովաթեքի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (692 մլն դոլար), երրորդ տեղում է «Լուկօյլի» փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը (508 մլն դոլար):
Երկուշաբթի ԱՄՆ-ում ֆոնդային սակարկություններն ավարտվել են արժեքորոշման նվազմամբ՝ այն մտավախությունների լույսի ներքո, որ նոր կորոնավիրուսի տարածումը կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրճատվել է 1031,61 կետով (3,56 տոկոս) եւ սահմանվել է 27 960,80 կետ նիշում: S&P 500-ի ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, նվազել է 111,86 կետով (3,35 տոկոս) եւ հայտնվել 3225,89 կետ նիշում: Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը կրճատվել է 355,31 կետով (3,71 տոկոս)՝ հասնելով մինչեւ 9221,28 կետի: