Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց է լինելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում անհրաժեշտ 650 հազար ձայներ ստանալը: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ քողարկված քարոզչություն սկսեց բնակչությանը գրքեր նվիրելով: Համբարյանը վստահ է, որ Փաշինյանը հենց այդպես է փորձելու հանրաքվեում անհրաժեշտ ձայներ ստանալ:
Փորձագետը հավելեց, որ չի պատրաստվում միանալ «ԱՅՈ»-ի շտաբին, ինչպես նաեւ «ՈՉ»-ի շտաբին, քանի որ թե՛ մի, թե՛ մյուս դեպքում դա նշանակելու է լեգիտիմացնել իշխանությունների ապօրինի ձգտումը մենիշխանությանը: «Իշխանությունները փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի դատավորներից եւ նախագահից միայն այն պատճառով, որ նրանք չեն ենթարկվում խաղի նոր կանոններին: Այլապես ինչպես բացատրել այն, որ ԿԸՀ նույն նախագահ Տիգրան Մուկուչյանը կամ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որոնք աշխատել են նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությանը չեն խանգարում, իսկ Հրայր Թովմասյանը խանգարում է: Հայաստանում, փաստորեն, օրենքը գործում է «յուրայինների» եւ «ոչ յուրայինների» համար: Այլապես ինչպես բացատրել այն, որ Վահե Գրիգորյանը չի կատարում իր պարտականությունները եւ դրա հետ մեկտեղ իշխանությունների կողմից բարձր գնահատականի է արժանանում»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը:
Նա տարակուսանք հայտնեց տարվա ընթացքում 2 անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու իշխանությունների ձգտմամբ, որոնցից յուրաքանչյուրն արժենալու է 7 մլն դոլար՝ այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ ապիրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Պատասխանը հաստատված կհամարվի ոչ միայն այն պարագայում, եթե «ԱՅՈ» ասի ոչ միայն քվեարկածների կեսից ավելին, այլեւ ընտրողների ցուցակային կազմի քառորդի մասից ոչ պակասը, այսինքն մոտ 650 հազար ձայն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am