Հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակելի շենքում
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում, ծխապատված է շենքի ամբողջ մուտքը. մարդկանց կյանքին վտանգ է սպառնում:
Հրշեջ-փրկարարների կողմից ընտրվել է ճիշտ մարտավարություն. ստեղծված իրավիճակում գործել են օպերատիվ՝ միաժամանակ կազմակերպելով փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ ժամը 13:24-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է 1-ին հարկի բնակելի բնակարաններից մեկը՝ ամբողջությամբ և, ըստ նախնական տվյալների, ջերմահարվել են այրված բնակարանի վերևի՝ 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատուհանները: