«Մանչեսթեր Սիթին» կարող է հայտնվել Անգլիայի չորրորդ դիվիզիոնում
Ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ մտադիր է պատժամիջոցներ կիրառել նաև Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան, հաղորդում է Daily Star-ը:
ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջիկա 2 մրցաշրջաններում զրկել է Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: «Մանչեսթեր Սիթին» նաև 30 միլիոն եվրո տուգանք կվճարի:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց, որ մեղադրանքը համարում է անհիմն և պատժամիջոցները չեղարկելու պահանջով կդիմի միջազգային արբիտրաժային դատարան:
Եթե դատարանը մերժի «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը, ապա Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնագրքով սահմանված պատժամիջոցներով մանչեսթերյան ակումբը պետք է դուրս մնա Պրեմյեր լիգայից և տեղափոխվի չորրորդ դիվիզիոն՝ Անգլիայի երկրորդ լիգա: