Բանակում մահվան դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում. «Լուսավոր Հայաստան»
Բանակում մահվան դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում, դա անթույլատրելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը հայտնեց, որ իրենց համար տարին սկսվել է պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներից: «Մենք քննարկել ենք այդ հարցերը, եւ ես ցանկանում եմ հայտնել, որ մենք կշարունակենք զգոն լինել եւ իշխանությունից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է կապել որոշակի վարքի կամ ենթամշակույթի հետ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է հետեւողական աշխատանքներ տանել նման դեպքերը վերացնելու համար:
Նրա կարծիքով՝ հայկական կողմի համար նման միջադեպերն անթույլատրելի են: Լրագրողներին հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» վերաբերվում այն հրապարակումներին, որ Արցախում զոհված զինծառայողների հիմնական մասը Հայաստանից է, Մարուքյանը նշեց, որ նման հայտարարություններն ու մոտեցումը սխալ են, քանի որ ԼՂՀ պաշտպանության բանակում ավելի շատ են Հայաստանից զինծառայողները, քան Արցախից, ինչով էլ պայմանավորված է Հայաստանից զինծառայողների շրջանում կորուստների բարձր ցուցանիշը: «Նման հայտարարությունները որեւէ կապ չունեն խոսքի ազատության հետ»,- վստահ է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարելի է դիտարկել ատելության քարոզչության համատեքստում: