Հանրային ՀԸ ռեպորտաժի տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԶՈւ ԳՇ ներկայացուցիչ
Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Aysor.am-ին ասել է ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։
Նա ընդգծել է, որ նյութում որպես աղբյուր ներկայացված անձը չէր կարող տիրապետել սպառազինության ձեռք բերման մասին տեղեկատվությանը։
«Այդ նյութում «Օրսիսի» թեմայով հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - ասել է գնդապետ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ անձինք փորձում են ստվեր գցել Զինված ուժերի վրա.
«Կարծես թե, փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայտնում ենք նաև, որ այս դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է ընթանում», - ամփոփել է Սամվել Ասատրյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ «Հայոց բանակին մարտական զինամթերքի փոխարեն՝ որսորդական. ի՞նչ է կատարվում «Օրսիսի» շուրջ» ռեպորտաժում՝ հղում անելով անանուն աղբյուրին հայտնել է.
«ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատարը, որն անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ, հաստատել է տեղեկությունը, որ մարտական նշանոցների անվան տակ Հայաստանի զինված ուժերին փորձ է արվել վաճառել որսորդական զինամթերք, սակայն գործարքը չի կայացել»: