ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ (Տեսանյութ)
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետեւանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:
Նախարար Սուրեն Պապիկյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության եւ իրավիճակը մեղմելու տարբերակներ:
Վարորդներից մեկն ասաց. «Շատ բան չենք ուզում, ուզում ենք, որ մոտակայքում մի խանութ լինի, էժան լինի»: Սրան դեսպան Սադոյանը կատակով արձագանքեց. «Հո դու Մասիսում չե՞ս, սա Վրաստանն է, ո՞նց կարող ենք բերել էստեղ խանութ դնել»:
Վարորդները նշեցին, որ այս օրերին ՀՀ դեսպանությունից իրենց սնունդ են բերել, որի համար շնորհակալ են: Նրանք առաջարկում էին, որ ոչ թե Վրաստանի տարածքում սպասեն, այլ Հայաստանի, որտեղ իրենց ավելի հարմար կլինի:
Դեսպանն էլ առաջարկեց, որ ամեն օր նույն ժամին իրենք մեքենա կտրամադրեն, որը վարորդներից 2-4 հոգու կտանի Թբիլիսի, որպեսզի իրենց համար ուտելիք գնեն հարմար գներով: