«Յուվենտուսում» հաշվարկել են՝ որքան կարժենա Մեսիի տեղափոխությունն ակումբի համար
Կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելու համար «Յուվենտուսը» ստիպված կլինի ծախսել շուրջ 350 միլիոն եվրո, տեղեկացնում է TuttoSport-ը:
«Յուվենտուսը» արգենտինացի հարձակվողի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու համար պետք է ծախսի 350-365 միլիոն եվրո, որը 32-ամյա հարձակվողը պետք է ստանա աշխատավարձի տեսքով:
Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, սակայն արդեն այս ամռանը նա կարող է միակողմանի խզել այն եւ անվճար տեղափոխվել այլ ակումբ։
Հիշեցնենք, որ Մեսիի և «Բարսելոնայի» ղեկավարության հարաբերությունները սրվել են: Պատճառը եղել էր ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարությունը, թե թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ղեկավարությամբ շատ խաղացողներ լիարժեք չէին դրսեւորում իրենց։ Դրանից հետո արգենտինացի ֆուտբոլիստը Աբիդալին հորդորել էր նշել այդ ֆուտբոլիստների անունները կամ նման վարկաբեկող հայտարարություն չանել։
Մեսիի ծառայություններով հետաքրքրված է նաև Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: