Սոմալիում 12-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության համար երկու տղամարդու մահապատժի են ենթարկել
Սոմալիում 12-ամյա աղջկա խմբակային բռնաբարության եւ սպանության համար երկու տղամարդու մահապատժի են ենթարկել, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, հայտնում է Thomson Reuters Foundation-ը։
Աիշա Իլիես Ադենն անցյալ տարվա փետրվարին առեւանգվել էր Գալկայո քաղաքի շուկայում։ Նրա մարմինը գտել էին հաջորդ առավոտյան՝ իր տան մոտ։ Նրան բռնաբարել, սեռական օրգանները այլանդակել եւ խեղդամահ էին արել։
Դաժան սպանությունը հասարակական վրդովմունք էր առաջացրել եւ ցուցարարները կոչ էին արել իշխանություններին ապահովել 2016թ․ օրենքի կատարումը։
Երեք տղամարդ անցյալ տարվա մայիսին դատապարտվել էին մահապատժի։ Երրորդ հանցագործի մահապատիժը հետաձգվել էր։
Զոհի հայրը, որը ներկա է եղել մահապատժին, ասել է, թե ուրախ է, որ արդարությունը հաղթեց, եւ դա կապահովի սոմալացի աղջիկների անվտանգությունը։
Սոմալիի կիսաինքնավար Պունտլենդ շրջանը 2016թ․ ընդունել է երկրում առաջին օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսին են սեռական ոտնձգությունը եւ բռնաբարությունը։