Բաքվում կալանավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի մասնակիցները
Բաքվում կալանավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցի մասնակիցները։ Պատգամավորի թեկնածուները բողոքի ցույց են անցկացրել ԿԸՀ-ի շենքի դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, որոնք, նրանց կարծիքով, կեղծված են։
Ինչպես հայտնում է «Թուրանը», ոստիկանությունը կալանավորել է ցույցի մասնակցող պատգամավորի թեկնածուներին, ինչպես նաեւ մի քանի լրագրողների։ Մոտ 30 մարդ նստեցրել են ավտոբուս եւ տարել անհայտ ուղղությամբ։
Ցույցի մասնակից, պատգամավորի թեկնածու Ռաբիա Մամեդովան լրատվամիջոցին հեռախոսով հայտնել է, որ իրենց ավտոբուսով տարել են քաղաքով, եւ այժմ ավտոբուսը կանգնել է Բաիլովոյում։ Ավտոբուսում գտնվողներին ջուր են տալիս եւ տեսանկարահանում։ Մամեդովայի խոսքերով՝ լրագրողուհի Այնուր Էյգյունեշի գլուխը ջարդված է։
Իր հերթին, ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էխսան Զախիդովը հայտարարել է, որ ցույցը ցրվել է, քանի որ համաձայնեցված չէր։
Նրա հավաստիացումներով՝ կալանավորվածների մեջ լրագրողներ չկան, կան «որպես լրագրողներ ներկայացած ցուցարարներ»։