Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու
Աբխազիայի նախագահի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, նախաձեռնող խմբերի եւ կուսակցությունների գրանցումն ավարտվել է երեքշաբթի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԸՀ-ին: Փաստաթղթերը ներկայացրել է միայն 3 թեկնածու, այն դեպքում, երբ առաջին փուլում, որն անցկացվել է 2019-ի օգոստոսին, մասնակցել է 9 թեկնածու:
Կրկնակի ընտրություններ են նշանակվել 2020-ի մարտի 22-ին: Թեկնածուների գրանցումը կավարտիվ փետրվարի 21-ին՝ հայտնել է հանձնաժողովի քարտուղար Անուշ Հոջիկյանը:
Նա հայտնել է, որ մեկ նախաձեռնող խումբ առաջադրել է ընդդիմության առաջնորդներից մեկին, խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիային, երկրորդը՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբային: «Ակզաարա» (միասնություն) կուսակցությունը երեքշաբթի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբային: Նախաձեռնող խմբերն ու կուսակցությունները ներկայացրել են գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Սուխումի վարչակազմի ղեկավարի ԺՊ Կան Կվարչիան, որի թեկնածությունը առաջադրել է նախաձեռնող խումբը, հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցությունից: Նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան եւս հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին:
Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուների հետ մեկտեղ կարող են առաջադրվել նաեւ փոխնախագահի թեկնածուները: Այդպիսով, Բժանիայի հետ կառաջադրվի մշակույթի նախարար Բադրա Գունբան, Արձինբայի հետ՝ Աբխազիայի հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արդա Աշուբան, իսկ Ձապշբայի հետ՝ գործարար Վիկտոր Խաշբան:
Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը 2019-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները չի ճանաչել: 2020-ի հունվարի 12-ին ընդդիմության չորսօրյա բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմում է գրել պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, խորհրդարանը հաջորդ օրը ընդունել է հրաժարականը եւ նախագահի պաշտոնակատար նշանակել երկրի վարչապետ Վալերի Բգանբային: