Մադուրոն հայտարարել է պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի դեմ միջազգային հայց ներկայացնելու պլանների մասին
Վենեսուելան միջազգային դատական հայց կներկայացնի ԱՄՆ կառավարության դեմ` պատժամիջոցների պատճառով վենեսուելական ընկերություններին պատճառված վնասի համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով TeleSUR-ը:
Նա հանձնարարել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, գլխավոր դատախազ Ռեյնալդո Մունյոսին եւ արտաքին գործերի նախարար Խորխե Արեասին «անհապաղ դատավարություն նախաձեռնել»:
Մադուրոն նշել է, որ պատճառներից մեկը վենեսուելական Conviasa ավիաընկերության ներառումն է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում: Նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցների համար գլխավոր պատասխանատվությունն ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի վրա է:
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել էր վենեսուելական Conviasa պետական ավիաընկերությունը: ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը հայտարարել է, որ Մադուրոյի ռեժիմը ապավինում է այս ընկերությանը: Նրա խոսքով` ավիաընկերությունը «կոռումպացված պաշտոնյաների» է տեղափոխում ամբողջ աշխարհով մեկ` ժողովրդավարության դեմ նրանց գործողություններին աջակցելու համար:
2019 թվականի հունվարի վերջին Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուաիդոն Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցերի ֆոնին իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ էր հայտարարել: Ընդդիմությունը Մադուրոյին մեղադրում էր նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, որոնցում նա հաղթանակ էր տարել: Գուաիդոյին աջակցում էին ԱՄՆ-ն եւ եվրոպական ու լատինաամերիկյան մի շարք երկրներ: Մադուրոյի կողքին էին Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ: