Թբիլիսիի նախկին քաղաքապետին հերթական պատժաժամկետին են դատապարտել
Վրաստանի գերագույն դատարանը «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ Գիգի Ուգուլավային 48 մլն լարի (մոտ 16 մլն դոլար) վատնելու գործով մեղավոր է ճանաչել ծառայողական իրավասությունները գերազանցելու մեջ եւ դատապարտել է նրան երեք տարվա եւ երկու ամսվա ազատազրկման։ Դատարանի որոշման մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Բեկա Բասիլայան, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
2012թ․ իշխանափոխությունից հետո Ուգուլավային մեղադրել էին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում նրա աշխատելու ժամանակաշրջանում պետական միջոցներն աննպատակ վատնելու մեջ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2015թ․ սեպտեմբերին Ուգուլավային մեղավոր էր ճանաչել 2009-2010թթ․ ծառայողական իրավասությունները գերազանցելու մեջ եւ դատապարտել էր նրան 4 տարվա եւ վեց ամսվա ազատազրկման։
2017թ․ հունվարին երկրի վերաքննիչ դատարանը վերաորակավորել էր նրա մեղադրանքը եւ դատապարտել նրան մեկ տարվա եւ երեք ամսվա ազատազրկման։ Նրան մեղադրել էին այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների համար աշխատատեղեր ստեղծելու մեջ։
2018թ․ փետրվարի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կրկին Ուգուլավային մեղավոր էր ճանաչել պաշտոնական իրավասությունները չարաշահելու մեջ եւ դատապարտել էր նրան 1 տարվա եւ երեք ամսվա ազատազրկման, սակայն այն ժամանակ ընդդիմության առաջնորդը բանտ չէր գնացել, քանի որ արդեն այդ ժամանակահատվածը ազատազրկման մեջ էր եղել կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։
Ուգուլավայի դեմ գործը գերագույն դատարանում վերսկսվել է ընտրական բարեփոխումների պահանջով ընդդիմության ցույցերի եւ միտինգների նոր ալիքի բարձրանալուց հետո։
Արդյունքում Ուգուլավայի գործը վերանայել եւ նրան ինը տարվա ազատազրկման են դատապարտել։
Վճռաբեկ դատարանը Գիգի Ուգուլավային մեղավոր է ճանաչել Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 մլն լարի վատնելու մեջ։ Հաշվի առնելով համաներման մասին օրենքը եւ այն, որ նախկին քաղաքապետն արդեն եղել է բանտային ազատազրկման մեջ, նրան դատապարտել են 3 տարի, երկու ամիս եւ 8 օր ժամկետով ազատազրկման։
Այսպիսով, այն ժամկետը, որ Ուգուլավան արդեն կրել է, չի փակում գերագույն դատարանի կողմից նրա մեղադրանքը վերաորակավորելուց հետո վճռով որոշված ժամկետը, եւ նախկին քաղաքապետը ստիպված է կրկին բանտ գնալ։
Սպասվում է, որ Ուգուլավան արդեն այսօր կձերբակալվի։ Ընդդիմության առաջնորդն ինքը սա համարում է քաղաքական դրդապատճառներով որոշում։