Արդարադատության նախարարությունը ցանկանում է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ դարձնել. փոխնախարար
Այս օրինագծի մշակումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ ու հաշվետու դարձնելու, տուժածների շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին փետրվարի 10-ին Պետաիրավական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Նրա խոսքով՝ դա թույլ կտա կարգավորել մի քանի խնդիրներ, որոնք գոյություն ունեն համաներման ինստիտուտի հետ կապված պրակտիկայում, կատարելագործել օրենսդրական դրույթները:
«Այդ դեպքերը, մասնավորաբար, կապված են վաղաժամ պայմանական ազատելու, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատելու հետ, որ ներման մասին խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- նշեց Գալյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս օրինագծի ընդունումը թույլ կտա բացառել օրենսդրական նորմերի անարդյունավետ կիրառումը, վերացնել օրանսդրական խնդիրները եւ ապահովել որոշակի կարգի անձանց իրավունքների պաշտպանությունը:
Այսպես՝ մասնավորապես անձը, որը որոշակի ժամկետով ազատազրկման է դատապարտվել եւ պատիժ է կրում ազատազրկման ձեւով, կարող է ներվել, եթե փաստացի կրել է սահմանված պատժի կեսը:
Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովը ներկայացված օրինագծին դրական եզրակացություն տվեց: