Տավուշում Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով շրջվել է. կա վիրավոր
Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վլադիսլավը իր վարած Iveko մակնիշի AI 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռեւս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է եւ բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վարորդին եւ վիրավոր ուղեւորին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մանկական տակդիրներով եւ ամբողջովին թափվել է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նույնպես Բելառուսի Հանրապետության քաղաքացի է։
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։