Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն ու վարչության պետը թղթեր են կեղծել, գումար յուրացրել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր է բացահայտել:
Այդ դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով պարզվել է, որ պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գումարներ են յուրացվել:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ստացված փաստական տվյալների համաձայն՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, 2016 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր. Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր՝ թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև՝ փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել է զգալի չափերով գումար:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ մնացած դրվագներով հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը հստակեցնելու ու վերականգնելու ուղղությամբ։