Օհայոյի բնակիչը սխալմամբ միաժամանակ 55 հազար նամակ է ստացել
ԱՄՆ Օհայո նահանգի Թուինսբերգ քաղաքի բնակիչ Դեն Քեյնը սխալմամբ ստացել է նամակներվ գրեթե 80 տուփ՝ ընկերությունից, որն ուսումնական վարկեր է տրամադրում, հայտնում է 19 News հեռուստաալիքը:
Փոստային բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են Քեյնին եւ առաջարկել վերցնել College Ave Student Loans ընկերությունից իրեն հասցեագրված նամակները: Քեյնին բաժանմունքում բացատրել են, որ փոստի ծառայողներն ի վիճակի չեն բեռը տեղ հասցնել, որը կազմված է 79 տուփից՝ յուրաքանչյուրում 700 նամակով: Ստացողը կարողացել է իր մեքենայով դրանք տանել 2 ուղեւորությամբ:
Բոլոր տուփերը տուն բերելով՝ Քեյնը պարզել է, որ դրանցում պարունակվում են նույնաբովանդակ նամակներ՝ վարկին առնչվող, որը Քեյնը եւ նրա կինը վերցրել էին բուհում դստեր ուսման համար: «Ես ցնցված էի: Ինչպե՞ս կարելի է նման սխալ թույլ տալ: Սա ի՞նչ կատակ է»,- հեռուստաալիքին ասել է ամերիկացին:
College Ave Student Loans-ի ներկայկացուցիչներն ընդունել են թույլ տված սխալը, որը, նրանց խոսքով, տեղի է ունեցել ուղարկվող փոստի վերաբերյալ տեղեկությունների մշակման համար նախատեսված ծրագրի խափանման պատճառով: Ընկերությունից պատրաստակամություն են հայտնել Քեյնի մոտից վերցնել նամակներով տուփերը եւ նրան փոխհատուցում վճարել պատճառած անհարմարությունների համար: Ստացողն առայժմ մտածում է այս առաջարկի շուրջ: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ 55 հազար նամակներից բոլորում, ինչպես ինքն է կարծում, սխալ է թույլ տրվել՝ սխալ է հաշվարկված գումարը, որը նա պետք վճարի վարկի մարման համար: