«Վստահություն» կուսակցությունն Արցախի նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրելու
Արցախի «Վստահություն» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, այլ թեկնածուի էլ սատարելու նպատակահարմարություն չի գտնում: Այս մասին ասված է կուսակցությա տարածած հայտարարությունում։
««Վստահություն» կուսակցությունն իր գործունեության ընթացքում ակտիվ շփումներ է ունենում Հանրապետության բնակչության հետ, լսում հանրությանը հուզող հարցերը, դրանց վերաբերյալ ներկայացնում լուծման ի՛ր տեսլականը, և ընդհանրապես՝ ձգտում միշտ լինել հանրության հետ, հանրային նշանակության խնդիրների մասին տեղյակ լինել «առաջին ձեռքից։
«Վստահություն» կուսակցությունը հանրության հետ իր շփումների արդյունքում կուտակել է ժողովրդին մտահոգող հարցերի շուրջ զգալի ինֆորմացիա, որոնք արտացոլվել են նաև իրենց ծրագրերում և առաջիկա անելիքներում: Հիմնվելով այդ տեղեկատվության, ինչպես նաև պետականաշինության առաջնահերթությունների մասին հստակ տեսլականի վրա, «Վստահություն» կուսակցությունը անպայման մասնակցելու է գալիք համապետական ընտրություններին՝ հանրության հավանությանը ներկայացնելով ի՛ր ներուժը, որպես այդ նույն հարցերի լուծմանը ծառայող հնարավորություն:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու, այլ թեկնածուի էլ սատարելու նպատակահարմարություն չի գտնում: Մենք մեր ուժերը կենտրոնացնելու ենք խորհրդարանական ընտրություններում՝ հանրության քվեն ստանալու և նրա ձայնը խորհրդարանում լսելի դարձնելու համար: Մենք նաև հավաստիացնում ենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք տեղի ունեցող նախընտրական և հետընտրական գործընթացներին ու հասարակության լիազորությամբ հանդիսանալու ենք հսկողական գործառույթներով ուժ, որի նպատակն է լինել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվող իշխանական համակարգի գործունյա մասը»,-ասված է հայտարարության մեջ»,– ասված է հայտարարությունում: