«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին (Տեսանյութ)
«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող քաղաքական դաշինքի շուրջ:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ այս առթիվ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձեւավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաեւ «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները եւ քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը:
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար եւ մեկ անգամ եւս հավաստել՝ միասին կարող ենք»:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաեւ «Արցախ հանրապետական» եւ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները: